Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեռական կյանք

Կրքի հագուրդ. օրգազմ

Կրքի հագուրդ. օրգազմ

Օրգազմը էրոգեն գոտիների մեխանիկական գրգռման միջոցով սեքսուալ գրգռվածության գագաթնակետն է, որն առաջացնում է հաճույքի և բավարարվածության մեծ զգացում:

 

Ինտիմ մերձեցման ժամանակ պետք է ձգտել որոշակի պայմանների իրականացման: Այլ կերպ ասած` սեռական ակտը պետք է հաճույք պատճառի և տղամարդուն, և կնոջը: Հետևաբար օրգազմ պետք է ապրեն երկուսն էլ, որը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ տղամարդն ու կինը սիրում են միմյանց և սեքսին եսասիրաբար չեն մոտենում: Հաճախ ստացվում է այնպես, որ տղամարդը թեև տեսականորեն գիտի կնոջ մարմնի էրոգեն` տարփածին գոտիները, որոնք շոյելիս կինը հաճույք կստանա, սակայն սիրախաղի ժամանակ նրա մերկ մարմնից գրգռված` շոյում է միայն այն մասերը, որոնք իրեն են դուր գալիս և գրգռում: Դա, իհարկե, լավ է, երբ զույգի «ճաշակները» համընկնում են: Իսկ եթե ոչ, ապա տղամարդը հայտնվում է գրգռվածության գագաթնակետին, այն դեպքում, երբ կինն այդ փուլին նույնիսկ չի էլ մոտեցել:

 

Տղամարդու օրգազմը համարվում է ոչ այնքան վառ, որքան կնոջը, և «հատուկ ջանքեր» չի պահանջվում դրան հասնելու համար` պայմանավորված տղամարդու ֆիզիոլոգիական ու սեռական առանձնահատկություններով:

 

Հազարամյակներ շարունակ սերունդ ունենալու բնազդը դառնալով նաև լիցքաթափման և հաճույք ստանալու միջոց, ստանդարտ իրավիճակում տղամարդուց մշտապես պահանջում է սեփական ուժերի և հմտությունների դրսևորում: Նվերների մատուցում, այցելություն ռեստորան, սիրահետում, ուշադրության բազմապիսի դրսևորումներ. սա խաղի այն մասն է, որը հաճույքով և հետաքրքրասիրությամբ ընդունում են երկու կողմերն էլ: Ընդ որում, սիրախաղի մասնակիցներին հետաքրքրում է արդյունքը` օրգազմը: Ցեղի շարունակությունը, այն միակին տիրանալու երջանիկ հնարավորությունը և վերջնակետը տղամարդու արտահայտված սեքսուալությունն է: 

 

Տղամարդու օրգազմը բաղկացած է երկու փուլից` նախաօրգազմ և բուն օրգազմ: Նախաօրգազմի ժամանակ տեղի է ունենում առնանդամի հզոր լարվածություն և գլխիկի հատվածում սովորական խտտանքի զգացում: Եթե այդ պահին դադարեցվեն հեշտոցի խթանիչ շարժումները (ֆրիկցիաները), և աստիճանաբար նվազի գրգռվածությունը, ապա հնարավոր է սերմնաժայթքումը կանխել: Գրեթե բոլոր տղամարդիկ զգալով, որ օրգազմն ուր որ է հասունանում է, իսկ կինը բավականաչափ գրգռված չէ, նման մեթոդով երկարացնում են սեռական ակտի տևողությունը: Յուրաքանչյուր հաջորդ զսպումն ավելի դժվար է իրականացնել: Նման դեպքում նախաօրգազմը վերածվում է օրգազմի, և տեղի է ունենում սերմնահեղուկի ժայթքում: Կանայք հիմնականում հենց այդ պահին են ավելի հզոր օրգազմ ապրում:

 

Բնության օրենքներով` տղամարդը միշտ պատրաստ է սեքսին, նա ավելի արագ է գրգռվում, քան կինը, դրա համար լրացուցիչ գործոններն այնքան էլ կարևոր չեն: Որոշ դեպքերում սովորական ձեռնաշարժությունը տղամարդուն գրգռելու միակ միջոցն է, որի համար էլ նրան երբեմն համարում են կոպիտ և անզգացմունք էակ, որն ունակ չէ հուզականության ճանապարհով հասնել հաճույքի բարձրագույն կետին: Այստեղ է թաքնված խնդրի ոչ ճիշտ ընկալումը: Իրոք, շատ դեպքերում տղամարդն աշխատում է հնարավորինս արագ անցնել սեռական ակտին: Իրականում նրա մոտ օրգազմից առավել վառ զգացողություններ առաջանում են այն ժամանակ, երբ ամբողջ սեռական ակտը ընթանում է համբույրներով, քնքշանքով, շոյանքով և այլն: Յուրաքանչյուր զույգ փնտրելով և գտնելով սեռական ակտի իրեն բնորշ ձևերը` կարող է հասնել սեքսուալ լիարժեք երկկողմանի ներդաշնակության ու բավարարվածության:

 

Սեռական ակտի երկարատևությունը հուզում է ոչ միայն իրեն` տղամարդուն, այլև կնոջը: Եվ դա զարմանալի չէ, քանի որ սիրած մարդուն բավարարելու նոր միջոցների փնտրտուքը նվիրվածության արտահայտման դրսևորում է: Ինչպես ցանկացած պրոցես, սեռական ակտը նույնպես մանրակրկիտ պատրաստություն է պահանջում: Տղամարդու օրգազմը երկարատև և հետաքրքիր է դառնում, երբ կինը դրան ուշադրություն է հատկացնում: Լավագույն արդյունքի հասնելու համար կարևոր է ոչ միայն մեխանիկական, այլև զգայական ընկալումը:

 

Արդյո՞ք կնոջ օրգազմն ավելի բարդ է և հարուստ, քան տղամարդունը:


Ֆիզիոլոգիական տեսակետից կնոջ օրգազմը հեշտոցի նախամուտքի սպազմատիկ կծկումներն են, որոնք տեղի են ունենում սեռական ակտի կուլմինացիոն պահին: Դրանք կարող են ուղեկցվել հաճույքի ուժեղ ալիքներով և տարածվել ամբողջ մարմնով: Այդ ալիքների աղբյուրի կենտրոնում ծլիկն է, որը գրգռման ժամանակ արյան ներհոսից ուռչում է: 

 

Կնոջ օրգազմը ըստ ուժգնության լինում է մի քանի տեսակի: Ոմանց մոտ այն հաճույքի թեթև ալիք է, ոմանք էլ օրգազմ են ապրում բուռն, ինչպես պայթյուն, վառ և կրքոտ: Կինը սեռական ակտի ժամանակ կարող է մեկը մյուսին հաջորդող մի քանի օրգազմ ապրել: Այն կարող է առաջանալ նաև պարանոցի, կրծքի, ձեռքերի, ոտքերի և էրոգեն այլ գոտիների խթանման ժամանակ: Այս տիպի կանայք ուժեղ գրգռվածություն և հաճույքի թույլ ալիքներ են ապրում նույնիսկ այն ժամանակ, երբ մտովի պատկերացնում են սեքսը սիրելիի հետ:

 

Կնոջ օրգազմը ըստ տեղակայման լինում է հեշտոցային և ծլիկային:

 

Հեշտոցային օրգազմ կինը ապրում է հեշտոցային սեռական հարաբերության ժամանակ: Հաճույքի ուժգնությունը և տևողությունը կախված են շարժումների արագությունից և խորությունից: Եթե սեռական շարժումները դանդաղ են և խորը, այսինքն` առնանդամն ամբողջությամբ է մտնում հեշտոց, կինը կարող է ապրել վառ օրգազմ, որը կարող է տևել նույնիսկ մինչև մեկ րոպե: Կնոջը «գունեղ և հրավառ»օրգազմ պարգևելու համար ցանկալի է սեռական շարժումներն աստիճանաբար արագացնել:

 

Ծլիկային օրգազմը տեղի է ունենում առնանդամով, ձեռքով ծլիկը խթանելու ժամանակ:

 

Երկար ժամանակ սեռական կյանքից զուրկ և օրգազմ «ճաշակելու» հնարավորությունից զրկված կանանց մոտ կարող են առաջանալ նյարդային տարատեսակ խանգարումներ: Իսկ այն կանայք, ովքեր ապրում են սեռական կյանքով և պարբերաբար օրգազմ են ունենում, սովորաբար, նման խնդիրների չեն հանդիպում: Ընդհակառակը` նրանք գերազանց ինքնազգացողություն և հոյակապ տեսք են ունենում: Այսպիսի կանանց դեմքը երջանկություն է ճառագում:

 

Հաճախ կնոջ մոտ հաճույքի ալիքները լինում են թույլ, աննկատ: Մյուս խնդիրն էլ այդ ալիքների իսպառ բացակայությունն է. որքան էլ տղամարդը փաղաքշի և շոյի կնոջը, օրգազմ չի առաջանում: Այս խնդիրն ունի երկու պատճառ: Առաջինը` փոքր կոնքի արյան անբավարար շրջանառությունն է, որի ժամանակ նյարդային համակարգի կոնքային և սեռական ճյուղերը թերգրգռված են լինում: Երկրորդը` կապված է կնոջ լարվածության հետ, այսինքն, ինչքանով է նա տրամադրված սեռական ակտին և որքանով է պատրաստ ընդունելու «հաճույքի» ալիքները:

 

Իրոք, որքան էլ տղամարդը հմուտ լինի այդ գործում, մինչև կինը բոլոր շարժումները և փաղաքշանքները գիտակցորեն չընդունի որպես հաճելի զգացողություն, լիարժեք օրգազմի մասին խոսք լինել չի կարող: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ տղամարդը տիրապետի կնոջ լարվածությունը թուլացնելու, էրոգեն գոտիներն ակտիվացնելու հմտությանը, սեռական ակտի գաղտնիքներին, լինի սեքսուալ առումով գրագետ և տեղեկացված: 

Հեղինակ. Վրեժ Շահրամանյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀսեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ